Շուկա, փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է ապրանքների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված աշխատանքի հասարակական բնույթը։ Շուկան տնտեսական ազատության վրա հիմնված համակարգ է, որը դրսևորվում է ազատ ձեռներեցությամբ, գնագոյացմամբ, մրցակցությամբ, տեղեկատվությամբ և
այլնով։
Հիմնական տարրերը
Շուկայական մեխանիզմը գործում է որոշակի օբյեկտիվ օրինաչափությունների հիման վրա, որոնք դրսևորվում են որոշակի տարրերի փոխազդեցությամբ։ Շուկան ունի իրեն բնորոշ հիմնական տարրերը, որոնք շուկայական հարաբերությունները դարձնում են ավելի ընդգրկուն և
խորը, քան պարզ փոխանակության հարաբերություններն են։ Շուկայի հիմնական տարրերն են՝ պահանջարկը, առաջարկը, մրցակցությունը, գինը և
գովազդը։ Շուկայական հարաբերությունները գործողության մեջ են մտնում և
դառնում իրական հարաբերություններ՝ նշված տարրերի միջոցով։ Որպես միասնական շուկայական համակարգի տարբեր կողմերի արտահայտություններ՝ նշված տարրերը գտնվում են փոխադարձ կապերի ու պայմանավորվածությունների մեջ։
Պահանջարկ և առաջարկ
Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը տվյալ պայմաններում սպառողները կարող են և ցանկանում են իրենց դրամական եկամուտներով գնել շուկայում ձևավորվող գնով, այսինքն՝ պահանջարկը գնողականությունն է, որ կախված է եկամուտներից և գներից։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է նաև մի շարք այլ գործոններով՝ սպառողական նախասիրություն, մոդա, սպասումներ և այլն։ Առաջարկը՝ որպես շուկայի հիմնական տարրերից մեկը, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը շուկայում ներկայացվում է վաճառքի տվյալ գնով։ Եթե պահանջարկը ներկայացնում են գնորդները կամ սպառողները, ապա առաջարկը՝ վաճառողները կամ արտադրողները։ Առաջարկը պայմանավորված է արտադրական ծախսերով, հումքի և նյութի գներով, տեխնոլոգիական առաջընթացով, արտադրողականությամբ և ապրանքի շուկայական գնով։ Պահանջարկը և առաջարկը փոխկապակցված են և կազմում են շուկայական համակարգի երկու հիմնական կողմերը։ Առաջարկը՝ որպես շուկայի տարր, գոյություն ունի որոշակի պահանջարկի առկայության պայմաններում, և ընդհակառակը։ Մեկի փոփոխությունը անդրադառնում է մյուսի վրա։
Գին
Գինը՝ որպես շուկայի տարր, կարգավորիչի դեր է կատարում առաջարկի և պահանջարկի միջև։ Գինը դիտարկվում է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի տեսանկյունից։ Պահանջարկի գինը գնորդի կողմից ներկայացվող գինն է, իսկ առաջարկի գինը՝ վաճառողի։ Դրա բարձրացումը նվազեցնում է պահանջարկը և մեծացնում առաջարկը։ Իր հերթին պահանջարկի և առաջարկի փոփոխությունն ազդում է գնի մակարդակի վրա։ Եթե պահանջարկը մեծանում է, գինը բարձրանում է, և հակառակը։ Եթե առաջարկը մեծանում է, գինը նվազում է, և հակառակը։ Այդ է պատճառը, որ շուկայի սահմանումը ներակայացնելիս կարևորվում է գնային ազդակների (իմպուլսների) կամ ազդանշանների դերը։ Գինը յուրահատուկ տեղեկատվության աղբյուր է տնտեսավարող սուբյեկտների համար։ Շուկայական գինը սահմանվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ, որը պայմանավորված է մրցակցությամբ։
Մրցակցություն
Մրցակցությունը տարբեր արտադրողների միջև պայքարն է միավոր արդյունքի ծախսերը կրճատելու, բարիքի քանակական և որակական պարամետրերը բարելավելու, գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները արտադրության մեջ ներդնելու ճանապարհով ավելի շատ սպառողներ ներգրավելու և եկամուտներ ապահովելու համար։ Մրցակցությունը արտադրության շարժիչ ուժն է։ Բոլոր արտադրողները ցանկանում են շուկայից դուրս մղել մյուսներին։ Իրենց այդ նպատակին հասնելու համար նրանք ավելի խնայողաբար և արդյունավետ են օգտագործում առկա ռեսուրսները, մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում նոր տեխնիկայի և տեխնոլոգիայիներդրման գործում, ինչը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, կրճատում է միավոր բարիքի ծախսերը և ապահովում ավելի որակյալ արտադրանք։ Այսպիսով՝ շուկայական տնտեսությունը հիմնված է երեք առանցքների կամ տարրերի վրա, որոնք տնտեսության ինքնակարգավորման ճանապարհով ապահովում են սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործում և հասարակության աճող պահանջմունքների բավարարում։
Комментариев нет:
Отправить комментарий