Ներսես Ե Աշտարակեցի, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հաջորդել է Հովհաննես Ը
Կարբեցուն։
Կենսագրություն
Իսկական անունն է
Թորոս Հարությունի Շահազիզյան։ Ծնվել է 1770 թ-ի փետրվարի 13-ին Աշտարակում, սովորել է
Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում։ 1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ։ Ապա գործուն մասնակցություն է
ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և
1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին՝ նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը։
1814-ին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս։ Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն։ Նրա ջանքերով 1824 թ. այստեղ բացվում է
հայկական դպրոց, որը հետագայում կոչվում է Ներսիսյան։ Նորաբաց դպրոցում հիմնվում է
նաև տպարան։ Սկիզբ է
առնում հրատարակչական գործը։
Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում սերտ կապեր է
հաստատում Կովկասի ռուսական իշխանությունների ու ղեկավար գործիչների հետ։ Աշտարակեցու բեղմնավոր գործունեության շնորհիվ Վրաստանի հայ համայնքը դառնում է
հայոց հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի ազդեցիկ կենտրոններից մեկը։
1826 թ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է
հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը։
Նշանակալից դեր է կատարել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման գործում։ Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է Անդրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828)։
Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է Էջմիածին, դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ։ Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հարաբերությունները։
Մահացել է 1857 թ-ի փետրվարի 13-ին Թիֆլիսում։
Էջմիածնում, Ներսես Ե
Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է՝ «Պաշտպան հայրենյաց»։
Նրան հաջորդել է Մատթեոս Ա
Կոնստանդնուպոլսեցին։
Комментариев нет:
Отправить комментарий