четверг, 17 мая 2018 г.

Փողի գործառույթները․․․


Արժեքի չափի
Փողի՝ որպես ընդհանրական համարժեքի ավարտուն ձևի կամ միասնական էտալոնի ի հայտ գալը կապված է դրա միջոցով տարբեր ապրանքների արժեքների չափակցման անհրաժեշտության հետ։ Բոլոր ապրանքների արժեքը չափակցվում է փողի միջոցով, որի հիմքի վրա էլ տեղի է ունենում նրանց փոխանակությունը։ Փողի միջոցով չափվում են նաև եկամտի՝ ծախսի և պարտավորության արժեքները։
Փողի՝ որպես չափման միավորի ձևավորումը բխում է տարբեր բարիքների արժեքների չափակցման անհրաժեշտությունից։ Բարիքների փոխանակության ժամանակ դրանց արժեքի մեծությունը չափվում է փողի (ոսկու) որոշակի քանակությամբ։ Ոսկու քանակը, զանգվածը չափում են դրա կշռով։ Ոսկու որոշակի կշռույթի քանակությունը ընդունվում է որպես դրա զանգվածի չափման միավոր։ Այդ չափման միավորն էլ համարվում է այն էտալոնը, որի միջոցով չափակցվում են տարբեր բարիքների արժեքները։ Ցանկացած արտադրող իր բարիքը գնահատում է այդ չափման միավորով, սակայն շուկայում այդ գնահատականը և բարիքի վաճառքի իրական գինը կարող են իրար չհամապատասխանել։ Խնդիրն այն է, որ շուկայում սպառողը, այդ բարիքի օգտակարությունից ելնելով, առաջարկում է այլ գին։ Արտադրողի և սպառողի փոխհարաբերության արդյունքում ձևավորվում է այդ բարիքի իրական արժեքը (գինը), որի մասին արդեն նշել ենք արժեքի և գնի հիմնախնդիրը պարզաբանելիս։ Ամեն դեպքում, փողը (ոսկին) և՛ արտադրողի, և՛ սպառողի համար բարիքի արժեքի չափման միջոց է։
Շրջանառության միջոցի
Փողի՝ շրջանառության միջոցի գործառույթը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ փոխանակության անմիջական ձևից անցում է կատարվում միջնորդավորված ձևի։ Յուրաքանչյուր ապրանքարտադրող, իր ապրանքը վաճառելով, ձեռք է բերում փող, իսկ այնուհետև վերջինիս միջոցով գնում է այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են իր կարիքները բավարարելու համար։ Տարբեր արդյունքների փոխանակությունը իրականացվում է միջնորդավորված։ Այս երևույթը մի կողմից ավելի արդյունավետ է դարձնում փոխանակությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծում է լրացուցիչ բարդություններ՝ կապված առք ու վաճառքի հնարավոր խզումների առաջացման հետ։ Ապրանքի վաճառքը և գնումը կարող է խախտվել ժամանակի և տարածության մեջ։ Այսինքն՝ փոխանակության փողային ձևը պարունակում է ապրանքների վաճառքի և գնման խզման հնարավորություն։
Կուտակման միջոցի
Մարդիկ ապագայի հետ կապված բազմաթիվ խնդիրների լուծման նպատակով իրենց հարստության մի մասը կուտակում են։ Հարստության կուտակման ամենացանկալի ձևը փողն է, որովհետև, առաջին՝ միասնական վճարման միջոց է, երկրորդ՝ պահպանման համար գրեթե ծախսեր չեն պահանջվում, երրորդ՝ ի տարբերություն բարիքների մյուս տեսակների, ժամանակի ընթացքում չի կորցնում իր հատկությունները։ Հարստությունը վերածելով փողի, այսինքն՝ կուտակելով, տնտեսավարող սուբյեկտը, իր նախասիրություններից ելնելով, կարող է այն օգտագործել տարբեր նպատակներով։ Այսինքն՝ փողն ունի կուտակման միջոցի գործառույթ։
Վճարման միջոցի
Ժամանակի և տարածության մեջ բարիքի արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը և սպառումը չեն համապատասխանում։ Խնդիրն այն է, որ արտադրվելուց անմիջապես հետո բարիքը չի իրացվում, բայց դրա սեփականատերը ինչպես արտադրական, այնպես էլ անձնական կարիքների բավարարման համար պետք է կատարի բազմաթիվ գործարքներ, որոնք իրականացվում են փողի միջոցով, ինչը դեռևս չունի։ Կարող է լինել նաև հակառակը. բարիքը վաճառվում է, բայց դրա արդյունքում ձեռք բերված փողով այլ բարիք գնվում է որոշակի ժամանակից հետո։ Այս անհամապատասխանությունների հաղթահարման նպատակով կիրառվում է մեկ այլ «հնարք»՝ բարիքների առքն ու վաճառքը իրականացվում է վճարման հետաձգումով։ Այսպես՝ կոշիկը դեռ չի իրացվել, բայց դրա սեփականատերը ունի հացի և այլ մթերքի կարիք։ Նա ձեռք է բերում դրանք, բայց վճարումները կատարում է հետագայում՝ իր կոշիկի իրացման արդյունքում ստացված փողի միջոցով։ Վճարման հետաձգումով իրականացվող բարիքների առքի ու վաճառքի հատկությունը փողի վճարման միջոցի գործառույթն է։ Վճարման միջոցի գործառույթը արտահայտում է տարբեր արտադրողների և սպառողների միջև պարտքային փոխհարաբերությունները, ինչն անխուսափելի է, որովհետև տնտեսական գործունեության տարբեր փուլերի (արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման) միջև առկա անհամապատասխանությունները հնարավոր է հաղթահարել այդ ձևով։ Տարբեր բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման անհամապատասխանության հետևանքով մի խումբ մարդիկ ունենում են դրամի կարիք, իսկ մյուս խումբ մարդիկ՝ ազատ դրամական միջոցներ։ Այդ հիմքի վրա էլ տարբեր մարդկանց միջև ձևավորվում են փոխադարձ պարտքային պարտավորություններ։ Այսինքն՝ փողի կարիք ունեցողը այն պարտքով վերցնում է մեկ ուրիշից։ Պարտքային պարտավորությունները, որոնք կատարվում են փողի՝ որպես վճարման միջոցի գործառույթի միջոցով, մեծապես նպաստել և նպաստում են ավելի արդյունավետ տնտեսական կապերի ձևավորման գործընթացին։ Փողի այդ գործառույթի հիմքի վրա են ստեղծվել վարկային հարաբերությունները, որոնց նախնական փուլը եղել է մուրհակային շրջանառությունը։ Մեկ անձի կողմից մեկ այլ անձին տրվող գումարը ամրագրվում է պարտքային պարտավորագրերի՝ մուրհակների միջոցով, որոնք ունեն իրենց մարման ժամկետը։ Պարտքային պարտավորությունները հնարավորություն են տալիս հաղթահարելու այն խզումները, որոնք առաջանում են բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման փուլերի անհամապատասխանության ժամանակ։ Փոխադարձ պարտքային պարտավորությունն ամրագրվում է պետական համապատասխան մարմնի կողմից։ Մուրհակների գործառնությունը նպաստում է տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը։



Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...