Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել
ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն
խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը։ Փողի էության, դրան բնորոշ
ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը։
Օրինակ՝ Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով հետևյալ միտքը,
որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի ցանկանում ունենալ։ Փողի
նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները գոյություն ունեն նաև մեր
ժամանակներում։ Փողը ծագել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա
հակասությունների լուծման հետևանքով։ Փողի առաջացումը պայմանավորված է եղել
ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ։ Այս իմաստով փողը համարվում
է ապրանքները միմյանց հետ փոխանակելու միջոց կամ էտալոն։ Փողի առաջացումը
բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ փոխանակային արժեքի պատմական
ձևերին« որովհետև փողն առաջացել է հենց ապրանքափոխանակության պրոցեսի
զարգացմամբ և դրա հակասությունների լուծման ընթացքում։ Փողը ձևավորվել է դեռևս
մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն
ունի։ Պատմականորեն գոյություն են ունեցել փոխանակային արժեքի 4 ձև՝
1. պարզ կամ պատահական արժեձև,
2. լրիվ կամ ծավալուն արժեձև,
3. համընդհանուր կամ համարժեքային արժեձև,
4. փողային կամ դրամական արժեձև։
Փողի ծագումը՝ որպես փոխանակային հարաբերությունների ձևավորման և զարգացման
կարևոր պայման, պատմական երևույթ է և ունի ներքին տրամաբանական կապ։ Գոյություն
ունի փողի ծագման հետազոտության երկու մոտեցում՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ։
Սուբյեկտիվ մոտեցման դեպքում փողը համարվում է մարդկանց միջև համաձայնության,
պայմանավորվածության արդյունք։ Օբյեկտիվ մոտեցման պարագայում հիմնավորվում է այն,
որ փողը ապրանքափոխանակային հարաբերությունների զարգացման արդյունք է։
Բոլոր ապրանքների արժեքը արտահայտվում է մեկ ապրանքի մեջ, որը դառնում է
համընդհանուր ճանաչման օբյեկտ։ Այն համընդհանուր ճանաչում է ստանում բոլորի
կողմից, ուստի դառնում է չափման միավոր, որի միջոցով որոշվում են
մյուս ապրանքների արժեքները, իրականացվում տարբեր ապրանքների փոխանակությունը։
Ապրանքների անմիջական փոխանակությունը, երբ ապրանքը փոխանակվում է մեկ այլ
ապրանքով (դա կոչվում է նաև բարտեր), փոխարինվում է
միջնորդավորված փոխանակությամբ, որտեղ առանձին օղակ է հանդիսանում ընդհանրական
համարժեքը կամ միասնական չափման միավորը (էտալոնը)։ Փոխանակության շրջանակների
ընդլայնմանը զուգընթաց, անհրաժեշտություն առաջացավ համընդհանուր համարժեքի կամ
միասնական չափման միավորի դերը ամրագրել միայն մեկ ապրանքի։ Այդ միակ ապրանքը, որը
դարձավ չափանմուշ՝ մյուս ապրանքների արժեքները չափակցելու և միաժամանակ տարբեր
ապառողական արժեք ունեցող ապրանքների փոխանակությունը իրականացնելու համար, կոչվեց
փող։ Փողը համընդհանուր համարժեքի ավարտուն ձևն է, ապրանք, որի սպառողական արժեքի
հետ սերտաճել է համարժեքային ձևը։ Փոխանակային հարաբերությունների զարգացման
ընթացքում փողի դեր են կատարել տարբեր ապրանքներ։ Բայց զարգացման որոշակի փուլում
փողի դերը ամրագրվեց ոսկուն։ Դա պայմանավորված էր ոսկու մի շարք հատկանիշներով։
1. Պահպանվածություն, այն հեշտ է պահպանել, որովհետև
ունի այնպիսի ֆիզիկաքիմիական հատկություններ, որոնց շնորհիվ պահպանում է իր արժեքը
տարբեր պայմաններում։
2. Բաժանելիություն և կրելիություն, ոսկու ձուլակտորը
կարելի է բաժանել տարբեր՝ ավելի փոքր մասերի, բաժանված յուրաքանչյուր մասը
պահպանում է իր արժեքը։ Փոքր ծավալի մեջ մեծ արժեք է պարունակում։
3. Հազվագյուտություն, բնության մեջ այն քիչ
է, արդյունահանվում է ավելի մեծ դժվարությամբ, ուստի և մյուս ապրանքների
համեմատությամբ ունի ավելի մեծ արժեք։ Փոքր քանակի մեջ պարունակում է մեծ արժեք։
Комментариев нет:
Отправить комментарий