Հայկական պարը սկիզբ
է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ
դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և
հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ
արտահայտչամիջոցներից մեկը։
Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը,
հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։
Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների
արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն
հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները:
Պատմություն
20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանից Արևելյան
Հայաստան են գաղթում բազմաթիվ հայ ընտանիքներ, ովքեր իրենց հետ բերում են
երգեր, պարեր և իրենց բնորոշ տարազներ։ Բնականաբար, տեղի է ունենում ազգային
մշակույթի երկու տարբեր ճյուղերի խաչասերում, ինչի արդյունքում ձևավորվում է նոր՝
առավել հարստացած տարբերակը։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական պարի
կրթությունը պետությունը վերցնում է իր վրա։ Հիմնվում են պարային ստուդիաներ,
որոնք և նպաստում են հետագայում ազգային պարից առանձնացվող ժողովրդական պարի
ստեղծմանը։
Ներկայումս հայկական ազգային պարը բաժանվում է երկու խմբի՝ ազգագրականի և ժողովրդականի։
Ժողովրդական պարը, ըստ էության, տարբերվում է ազգագրականից։ Այն
ծնվել է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարից և, ղեկավարվելով դասական և
բալետային պարի ներկայացուցիչների կողմից, հեռացել իր ազգային ակունքներից։
Ինչ վերաբերում է ազգագրականին, ապա վերջինիս հիմքում ընկած է ազգի
ընդհանուր նկարագիրը տալու նպատակը։ Ազգագրություն բառը, ինքնին,
բնութագրում է մի գիտություն, որն ուսումնասիրում է ժողովուրդների նյութական և
հոգևոր մշակույթը, հետևաբար վերջինիս սովորույթները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները
և դրանց պատմամշակութային առնչությունները։
Ազգագրական պարը, միահյուսվելով տվյալ միջավայրի ծեսերի,
տոնակատառությունների, հավատալիքների և պաշտամունքների հետ, ստեղծում է հայ
ժողովրդի հոգեբանությունը և զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ, որը և
հայ պարարվեստն է։
Комментариев нет:
Отправить комментарий