вторник, 22 января 2019 г.

ՀՀ սահմանադրության ընդունումը և կատարվածած փոփոխություններ


1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահինվերապահված լայն լիազորություններով։
2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։
Փոփոխությունները նշանակալի էին հատկապես հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Այսպես, փոփոխություններով վերացվեց Հանրապետության Նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. Ներկայումս Հանրապետության Նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։
Կառավարման կարգի հետ կապված հաջորդ կարևոր փոփոխությունը Ազգային ժողովն արձակելու՝ Հանրապետության նախագահի՝ կրկին, ըստ էության անսահմանափակ լիազորության վերացումն էր։ Փոփոխություններով սահմանվեցին այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը։ Այդ բոլոր դեպքերն ըստ էության վերաբերում են Ազգային ժողովի կողմից անգործություն դրսևորելու իրավիճակներին։
Կարևոր փոփոխություններ տեղի ունեցան նաև դատական համակարգիկազմակերպման ոլորտում։ Էապես փոխվեց արդարադատության խորհրդի կազմավորման կարգը, որն իր հերթին դատական համակարգի կազմավորման գործում վճռորոշ նշանակություն ունի. հենց արդարադատության խորհրդի ներկայացման հիման վրա է Հանրապետության Նախագահը կատարում դատավորների նշանակումները։
Այսպես, մինչև 2005 թ. սահմանադրական փոփոխությունները ՀՀ Նախագահը գլխավորում էր արդարադատության խորհուրդը, իսկ խորհրդի փոխնախագահներն էին գործադիր իշխանության ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը։ Խորհրդի կազմի մեջ մտնում էին նաև Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը՝ իրավաբան գիտնական, ինը՝ դատավոր, երեքը՝ դատախազ։
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրապետության Նախագահի ազդեցությունն արդարադատության խորհրդի վրա կտրուկ նվազեցվեց։ Ներկայումս Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։ Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։
Սահմանադրությունում կատարված կարևոր փոփոխություններից էր նաև Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնումը։ Մասնավորապես, ներկայումս օրենքների և այլ իրավական ակտերի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել (ստուգել) մարդու իրավունքների պաշտպանը, դատարանները և դատախազները՝ իրենց վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։
Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է բարձրագույն դատական ատյանի (բացի սահմանադրական արդարադատության հարցերից)՝ ՀՀ վճռաբեկ դատարանիսահմանադրաիրավական կարգավիճակին։ Սահմանադրական փոփոխություններով ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահվեց դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթ։ Այդ գործառույթի իրագործումը Հայաստանում սկիզբ դրեց դատական նախադեպի՝ որպես իրավունքի աղբյուրի կիրառությանը։ Իհարկե, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ որպես դատական նախադեպի էությունը էականորեն տարբերվում է անգլոամերիկյան իրավունքում դատական նախադեպի էությունից, քանի որ Հայաստանի իրավական համակարգում դատական նախադեպը ոչ թե իրավաստեղծ, այլ առավելապես իրավունքը մեկնաբանող աղբյուր է։
Սահմանադրական մի շարք այլ փոփոխություններով Սահմանադրությունում ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատություններիշրջանակը և դրանց ձևակերպումն առավել համապատասխանեցվեցին ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին, սահմանադրաիրավական կարգավիճակ ստացան (Սահմանադրությամբ նախատեսվեցին) մի շարք պետական մարմիններ, մասնավորապես՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ կենտրոնական բանկը, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, վերահսկիչ պալատը։


Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...