Վարազդատ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր
374-378–ին։ Հաջորդել է հորեղբորը՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին
խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել
է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը
շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից
փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի
ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու
և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն,
սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։
Տարաձայնություններն
այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության
հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376–ին նրան
սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած
Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր
դայակ Բաթ Սահառունուն։ 377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի
գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի
դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։
Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց
թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազդատը աղբյուրներում հայտնի
է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝
որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
Արշակ Գ
Արշակ Գ (ծն.թ. անհայտ– մոտ 390), Հայոց թագավոր 378–ից։ Պապի որդին և
հաջորդը։
Արշակ Գ-ի կառավարումը
Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է
թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և
հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է
երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Դրանից հետո Շապուհ III Հայոց գահը հանձնել է Խոսրով Դ Արշակունուն։ 387–ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է
Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող Հայաստանում։
Комментариев нет:
Отправить комментарий