Արշակ Բ (ծննդյան թվականն անհայտ – մոտ 368 թվական), Հայոց Արշակունի թագավոր 350 թվականից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։
Գահակալության սկիզբ
350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական
ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379)
և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը
կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ
էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է
Արշակ Բ-ն։
Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն
քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա
պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և
ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր
հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու
երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է
Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ երբ Արշակը գահ է բարձրացել, սկսել է
վարել հավասարակշռման քաղաքականություն, ուստի տասը հոգուց բաղկացած
պատգամավորություն է ուղարկել Հռոմեական կայսրություն, որոնք դաշինք են կնքել
և Հայաստան բերել Արշակի հարսնացու Օլիմպիային։ Վերջինս Կոստանդիանոս Ա Մեծկայսեր
մահացած եղբոր Կոստասի նշանածն էր, պրետորյաների պրեֆեկտ Աբլաբիոսի աղջիկը։
Համարվում է, որ այս պատգամավորության մեջ եղել է նաև Ներսեսը, ով այդ
ժամանակ արքունի սենեկապետն էր։ Վերջինս մինչ այդ զինվորական էր։ Արշակի
գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու
խորհրդատուն։ Նա կաթողիկոս է ձեռնադրվել 353 թվականին, հետևաբար այս
դեպքերը տեղի են ունեցել մինչ այդ։ Սա վկայում է այն մասին, որ Արշակը
գահակալելուց անմիջապես հետո պատգամավորություն է ուղարկել Հռոմ։
Գնելը, խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի
Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր՝ Փառանձեմի հետ,
զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն
է եղել նաև Արշակի հոր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։
Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը, թե՛
եղբորորդիներին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է
Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ իշխանին։ Շատ
չանցած՝ ծնվում է թագաժառանգ Պապը։
Комментариев нет:
Отправить комментарий