четверг, 8 февраля 2018 г.

Արշակունիներ․․․

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:
Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում:
Հայաստանում Արշակունիները հաստատվել են 52 թվականից և իշխել մինչև 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են 1-ին դարից մինչև 510 թվականը։
Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամբաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։
Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյաններ, Սյունիներ, Բագրատունիներ, Արծրունիներ և այլք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին։


Արշկունյաց արքայատորմ
Արտաշիսյան արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար պայքարել են Հռոմն ու Պարթևստանը, երկրում թագավորել են օտարազգի դրածո արքաները: 52 թ-ին հայ-պարթևական զորքերը գահ են բարձրացրել Պարթևաց արքա Վաղարշ I-ի կրտսեր եղբորը՝ Տրդատին: Հռոմի պատերազմը Հայաստանի և նրա դաշնակից Պարթևստանի դեմ ավարտվել է Հռանդեայի (Եռանդի) ճակատամարտում (62 թ.) հռոմեական զորքերի ծանր պարտությամբ: 66 թ-ին Հռոմը պաշտոնապես ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, և Ներոն կայսրը Հռոմում թագադրել է Տրդատին.  դրանով սկզբնավորվել է Արշակունյաց արքայատոհմի հայկական ճյուղը: 
Տրդատ Ա-ն, որը հայկական աղբյուրներում հայտնի է Արտաշես անունով, վերականգնել է ավերված Արտաշատը, կառուցել Գառնիի ամրոցը (76 թ.) և հեթանոսական տաճարը: Տրդատ Ա-ին հաջորդել է Սանատրուկը. նա 91 թ-ին Մեծ Հայքին է միացրել Եդեսիայի թագավորությունը, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը: Սանատրուկին անվանել են «Մեծ թագավոր Հայոց Մեծաց և Եդեսիո»: 
Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաբար թագավորել են Պարթևաց Բակուր II արքայի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը: Հռոմեական կայսր Տրայանոսը 114 թ-ին գահընկեց է արել Պարթամասիրին և Հայաստանը հայտարարել Հռոմեական պրովինցիա: Տրայանոսի արկածախնդիր արշավանքի ձախողումից (116 թ.) հետո Մեծ Հայքի թագավոր է հռչակվել Վաղարշ Ա-ն, որն արքունիքը հաստատել է նորակերտ Վաղարշապատում: Հռոմեական Անտոնիոս Պիոս  կայսրը 144 թ-ին տապալել է Վաղարշ Ա-ին և գահը հանձնել Ասորիքի Եմեսա (Հոմս) քաղաքի թագավոր Սոհեմոսին (Կոմմագենի Երվանդունիների արքայատնից), որի կառավարումն ընդմիջվել է Բակուրի գահակալմամբ: 
186 թ-ին Սոհեմոսին հաջորդել է Վաղարշ Բ-ն, ով սկզբնավորել է հայ Արշակունիների ժառանգական իշխանությունը: Վաղարշ Բ-ին հաջորդած որդին՝ Խոսրով Ա Մեծը, գահակալման սկզբնական տարիներին պայքարել է կովկասյան հրոսակ ցեղերի դեմ ու ամրապնդել երկրի հյուսիսային սահմանները: Իրանում պարթև Արշակունիների անկումից և Սասանյանների արքայատան հաստատումից (226 թ.) հետո, գլխավորելով հակասասանյան ուժերը, Խոսրով Ա-ն համառ կռիվներ է մղել Մեծ Հայքի ինքնուրույնության և սահմանների անխախտության համար: Զոհվել է 259 թ-ի պարսկական արքունիքի կազմակերպած դավադրության հետևանքով: Սասանյանների դեմ անհաշտ թշնամության պայմաններում հայ Արշակունիներն այնուհետև հաճախ դաշնակցել են Հռոմեական կայսրության հետ: 261 թ-ին Շապուհ I-ը ռազմակալել է Մեծ Հայքը և նրա գահը հանձնել իր գահաժառանգ որդուն՝ Որմիզդ-Արտաշիրին, որին հաջորդել է եղբայրը՝ Ներսեհը: 287 թ-ին հայ-հռոմեական զորքերը Բասենում պարտության են մատնել պարսիկներին, նրանց դուրս մղել Մեծ Հայքից և Հայոց թագավոր հռչակել Խոսրով Ա-ի որդի Տրդատ Գ Մեծին: 
298 թ-ին Մծբին քաղաքում Հռոմի հետ կնքած 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյանները ճանաչել են Մեծ Հայքի ինքնուրույնությունը և Արշակունիների գահը: Մոտ 330 թ-ին Տրդատ Գ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Բ Կոտակը, որը, հակահարված տալով Սասանյան Շապուհ II արքայի ոտնձգություններին և ճնշելով հայ որոշ ավատատերերի անջատամետ հակումները, վարել է պետության կենտրոնացման քաղաքականություն, զբաղվել շինարարական աշխատանքներով: Հիմնել է նոր մայրաքաղաք Դվինը` շրջակա անտառով, «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» (պահպանվել է ցայժմ) անտառները` արգելանոց-որսարաններով: Նրա մահից հետո պարսիկները ռազմակալել են Հայաստանը: Խոսրով Բ-ի գահաժառանգ որդի Տիրանը հաստատվել է գահին Հռոմի օգնությամբ (338 թ.): Նա շարունակել է հոր՝ պետական իշխանության ամրապնդման և կենտրոնացման քաղաքականությունը: 
350 թ-ին Շապուհ II-ը խոշոր բանակով ներխուժել է Հայաստան, ձերբակալել Տիրանին, կուրացրել նրան և ընտանիքի հետ գերեվարել Պարսկաստան: Սակայն նույն թվականին հայ-հռոմեական միացյալ ուժերն ազատագրել են Մեծ Հայքը՝ Շապուհ II-ին հարկադրելով ճանաչել Արշակ Բ-ի գահը: 
Արշակ Բ-ի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են թագուհի Փառանձեմն ու թագաժառանգ Պապը: 371 թ-ին հայ-հռոմեական միացյալ ուժերը Ձիրավի դաշտում (Նպատ լեռան մոտ) ջախջախել են պարսկական զորաբանակը՝ Շապուհ II-ին ստիպելով ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը: Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և խոշոր հոգևորականության ընդվզումները, ձեռնարկել երկիրը կենտրոնացնելու և հզորացնելու միջոցառումներ: Հռոմեական արքունիքը, երկյուղելով երիտասարդ թագավորի ինքնուրույն քաղաքականությունից, 374 թ-ի աշնանը դավադրաբար սպանել է նրան: Հռոմը Հայոց գահը հանձնել է Պապի եղբորորդի Վարազդատին, որին գահընկեց է արել Հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանը և գահ բարձրացրել Պապի անչափահաս որդի Արշակ Գ-ին: 
387 թ-ին Հռոմի կայսրը և Պարսից արքան Մեծ Հայքի թագավորությունը բաժանել են միմյանց միջև: Երկրի ծայրագավառներն անդամատվել են, արևմտյան մի քանի գավառներ անցել են Հռոմին, իսկ Մեծ Հայքի մեծ մասը՝ Պարսկաստանին:
Արշակ Գ-ի մահից (390 թ.) հետո հռոմեական մասը վերածվել է կայսերական նահանգի, իսկ Պարսկաստանին ենթակա մասում հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ-ն, Վռամշապուհը և նրա որդի Արտաշես Գ-ն: Վերջինիս գահազրկումից (428 թ.) հետո վերացել է Արշակունիների արքայատոհմը, և Մեծ Հայքի պարսկական մասը վերածվել է մարզպանության: 



Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...