Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ - ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր - երգիս համար
Աշունը եղանակ չէ, աշունը հոգեվիճակ է։ Երբ խոսում ենք աշնան մասին, հավանաբար
բոլորիս մտքին կգա սերը․․․Սեր՝ մի զգացում կամ զգացմունք, որ բոլորին է տրված։ Ոմանք
դա գտնում են շուտ, ոմանք՝ ուշ։ Բայց աշունը կարծես մի մեծ մագնիս է, որը միավորում,
հավաքում է իր շուրջ այդ բոլոր շուտերն ու ուշերը։ Սիրո և աշնան միավորված գաղափարի
շուրջ կարելի է անվերջ ստեղծագործել, կարելի է երգեր ձոնել, շռայլել այնպիսի բառեր,
որոնք երբեք չես օգտագործի այլ բան նկարագրելու համար․․․ Ինչևէ, սերը միակը չէ, ինչից
բաղկացած է մեր սրտի աշունը։
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց -
Ինձ զգացի ես թարմ - և անչափ նո՛ր:-
Աշունը պետք է թաց լինի։ Թրջված տերևներ, թաց գետին, խոնավ նստարաններ․․․ Առանց
ջրի չկա թարմություն, չի ամբողջանում բնությունը, որն իր ոսկեզօծ շղթան է պարուրում
մարդկանց ու երկրի վրա։ Աշունը մաքրում է բոլոր հետքերը, որոնք մնացած են լինում ամենուր՝
մեր սրտերում, մեր շրջապատում։ Մաքրում է ձյան համար, որ իրենից հետո ամեն բան պատվի
սպիտակով, լինի անապակ ու անբիծ։
Տարբերվում է երևանյան աշունը բոլոր աշուններից․․․Տարբերվում է իր իրական լինելով,
ուրախ ու միևնույն ժամանակ տխուր նոտաներով, մարդկանց ժպիտներով, աշխատասեր ու եռանդուն
երեխաներով․․․Զարմանալի է հենց իր բնականությամբ, զարմանալի է այն, որ մարդիկ այստեղ
աշնանը սիրում են սերը, սիրում են այնպիսին, ինչպիսին կա, սիրում են ոչ որպես զգացմունք,
այլ որպես առօրյա մի գեղեցիկ հրաշք, որր իրականություն է դարձել հենց այս աշնանը, իրենց
աշնանը։
Չորս եղանակ կա, չորսն էլ տարբեր, չորսն էլ
յուրահատուկ ու անզուգական, բայց սիրահարվում են միայն աշնանը․․․Աշունը ամենակարևոր
ու կենսական զգացմունքի խորհրդանիշն է։ Չէ՞ որ աշխարհում արվեստի ամենավառ ներկայացուցիչները
գրել ու երգել են հենց աշնան մասին, կտավներ ու քանդակներ են ստեղծել հենց աշնան մոտիվներով։
Եվ վերջապես, մի՞թե մեր հայազգի մեծ բանաստեղծ, քնաերգու Տերյանը տեղին չի ասել
Աշուն է, անրձև, ստվերներ անձև,
Դողում են դանդաղ,
Պաղ, միապաղաղ,
Անձրև ու անձրև․․․
Կարծես մի նկարչի աներևույթ ձեռք խայտաբղետ գույներով ու երանգներով ներկել է դաշտ
ու անտառ, այգի ու պուրակ։ Տերևներն ուրախությունից ծափ են տալիս ու պարելով իջնում
ներքև։ Ծառերը հագել են իրենց ամենավառ ու տոնական զգեստները։ Այսօր մեծ պարահանդես
է լինելու․․․
Комментариев нет:
Отправить комментарий