Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան
հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երկար ժամանակ չհանդգնեց երկիր վերադառնալ:
Այդ պատճառով էլ եղբայրների միջև նոր բախում տեղի չունեցավ: Այս կացությունը շարունակվեց
մինչև 1041թ., երբ մահացան սկզբում Աշոտը և այնուհետև Հովհաննես-Սմբատը: Նրանց մահից
հետո բյուզանդամետ ուժերը՝ հանձին Անի վերադարձած Պետրոս Գետադարձի և թագավորի խնամակալ,
արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի, խիստ ակտիվացան:
Բյուզանդական կայսրն անմիջապես Անին գրավելու համար մեծ բանակ
ուղարկեց Հայաստան: Քաղաքի բնակչությունը ելավ պաշտպանելու հայոց մայրաքաղաքը: Պաշտպանությունը
գլխավորեց սպարապետ Վահրամ Պահլավունին: Անեցիներն ասում էին. «Մենք ամենքս պատրաստ
ենք մեռնելու, բայց չենք մեռնի, մինչև չոչնչացնենք մեր թշնամիներին, որոնք տարապարտ
կերպով եկել են մեր դեմ և կամենում են հափշտակել մեր երկիրը»: Քաղաքի պաշտպանների թիվը
հասավ 30 հազարի: Նրանք, դուրս գալով քաղաքից, ալեզարդ սպարապետի գլխավորությամբ մեծ
ջարդ տվեցին բյուզանդական զորքին, որը փախուստի դիմեց: Հաղթանակից հետո թագավոր հռչակվեց
Աշոտը Դ-ի տասնվեցամյա որդի Գագիկ Բ-ն (1042-1045): Դա պետությունն ամրապնդելու նպատակով
կատարված կարևոր և անհրաժեշտ քայլ էր: Երիտասարդ թագավորը, որ նաև հունական կրթություն
էր ստացել, խիզախորեն ճնշեց անհնազանդ իշխանների ելույթները և ձերբակալեց Վեստ Սարգսին:
Նա հանդես բերեց պետական և զինվորական գործչի անուրանալի հատկություններ: Հետ վերցնելով
արքունի գանձերը Վեստ Սարգսից՝ նա ամրապնդեց իր դիրքերը:
Անհաջողությամբ ավարտվեցին նաև Անին գրավելու բյուզանդացիների
ձեռնարկած հետագա արշավանքները: Բյուզանդական զորամասերը փախչում էին անեցիների հարվածների
ներքո: Տեսնելով, որ ուժով հաջողության հասնել չի կարողանում, Բյուզանդիան փոխեց իր
քաղաքականությունը: Զարմանալիորեն անխոհեմ քաղաքականություն սկսեց վարել Գագիկ Բ թագավորը,
որը, հավատալով Վեստ Սարգիսի խոստումներին, նրան ազատ արձակեց և իրեն մոտեցրեց Պետրոս
Գետադարձ կաթողիկոսին:
Комментариев нет:
Отправить комментарий