Սոփեստներ ,
մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և
պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն
ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը,
Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝
Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և
ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ
սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական
հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին
բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու
մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց
պատմական ծառայությունն է։
Իմացաբանության մեջ սոփեստները հակված էին
ոելյատիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշական է Պրոտագորասի այն գաղափարը, որ մարդն
ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա,
յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ
է։ Քսենիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։
Պրոտագորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Ս-ի երևան գալը
պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով,
ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակցությունների պայքարը, դատական,
քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը
պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման
ընդունակ մարդիկ, որպիսիք եղան սոփեստները, ովքեր որոշակի դեր խաղացին
տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան
մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի
(վիճաբանության արվեստի) կարիքներին։
Սոփեստները,
մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում էին
սոփեստություններ, որպիսի եղանակը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես
է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր Ս-ի հայացքներում հետզհետե ետին գիծ
մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու
անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության
ուսուցիչներ»:
Комментариев нет:
Отправить комментарий