пятница, 29 ноября 2019 г.

Բագրատունյանց Հայաստան


Տնտեսություն

Երկրագործություն

Միջնադարյան Հայաստանում տնտեսության, ու բարեկեցության հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր՝ իր երկու ճյուղերով՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մարդկության առաջացումից ի վեր Հայկական լեռնաշխարհում զբաղվել են գյուղատնտեսությամբ, քանի որ երկրագործության ու անասնապահության համար երկիրը բարենպաստ պայմաններ ուներ։ Լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Եփրատի, Արաքսի, Կուրի, Տիգրիսի ու Ճորոխի հովիտները հացահատիկի մշակման, բանջարանոցային մշակաբույսերի ու այգեգործության զարգացման լավագույն շրջաններ էին։ Հայտնի էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտի), Բասենի և այլ դաշտեր։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը։

Արաբական տիրապետության տապալումից հետո երկրագործական արտադրանքը մնում էր Հայաստանում։ Բերքատվության բարձրացման ու գյուղատնտեսական աշխատանքի կազմակերպման համար զարկ է տրվում երկրագործական տեխնիկայի զարգացմանը։ Լայնորեն տարածվեց հողի մշակման եռադաշտային համակարգը։ Դրա տեխնիկան իրենից ներկայացնում էր հետևյալը. վարելահողը բաժանվում էր երեք մասի, որի մի մասի հողը հերկվում էր և, առանց ցանքս կատարելու, թողնվում էր անմշակ վիճակում։ Վարելահողի երկրորդ մասում աշնանացան էր կատարվում, իսկ երրորդ մասում՝ գարնանացան։ Այդպիսով՝ եռադաշտային համակարգը հնարավորություն էր տալիս հողին հանգիստ տալ՝ բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Խոշոր տնտեսություններում՝ ագարակներում ու դաստակերտներում, հողը հերկում էին գութանով։ Նոր մշակելի դարձած խոպան տարածքները հաճախ կոչվում էին նորք։
Երկրագործության զարգացմանը նպաստում էր պարարտավորումն ու հողի ոռոգումը։ Բագրատունիների թագավորության շրջանում ընդարձակվում է ոռոգման ցանցը, որը ենթադրում էր հին ջրանցքների նորոգում և նորերի կառուցում։ Հողամշակման և նրա տեխնիկայի բարելավմանը զուգընթաց առաջադիմում էր գյուղմթերքների մշակումը։ Հայաստանում Լայն տարածում են ստանում Գինու հնձանները, ջրաղացներն ու ձիթհանները։ Դրանք կառուցվում էին բերդերի ու խոշոր վանական համալիրների մոտ։ Գետահովիտներում ու հարթավայրերում աճեցվում էին պտղատու ծառեր, իսկ Այրարատյան դաշտում, Վանա լճի ավազանում, Հայաստանի հարավային տաք կլիմա ունեցող վայրերում տարածված էր խաղողագործությունը։ Նորություն էր բանջարանոցային որոշ մշակաբույսերի՝ լոբու, վարունգի, կաղամբի, գազարի, ձմերուկի մշակությունը։

Անասնապահություն

Հայաստանի լեռնային հատվածները՝ Արագածի լանջերը, Սյունիքը, Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը, Վասպուրականը, Տարոնը, Սասունը և այլն, հնուց ի վեր ունեցել ընդարձակ արոտավայրեր, որոնք հարուստ են եղել ալպիական մարգագետիններով։ Դրանք անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում։ Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա-ն Հայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»։ Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չի տեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմինիան»։ Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեին նաև որսորդությունը, մեղվաբուծությունը և ձկնորսությունը։
Անասնապահությունը բավարարում էր ոչ միայն սննդի կարիքները, այլև սերտորեն կապված էր արհեստների ու առևտրի հետ։ Կաշին կիրառվում էր զենքերի պատրաստման, կոշիկի ու հագուստների արտադրության մեջ։ Բուրդն օգտագործվում էր գորգեր, հագուստ և այլ գործվածքներ պատրաստելու համար։ Միջնադարում առևտուրը և քաղաքի ու գյուղի միջև կապն իրականցվում էր քարշող և բեռնակիր անասունների միջոցով։ Ձիերը, ավանակները և խոշոր եղջերավոր անասուններն օգտագործվում էին որպես հիմնական փոխադրամիջոց։ Անասնապահությունը նպաստում էր նաև երկրագործության զարգացմանը. հողի հերկումը կատարվում էր խոշոր եղջերավոր անասունների միջոցով։

Արհեստներ

Երկրագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոներով հարուստ Հայկական լեռնաշխարհը նպաստում են արհեստների ու առևտրի զարգացմանը, նոր քաղաքների առաջացմանն ու զարգացմանը։ Վաղ միջնադարի հետագա շրջանում՝ Արշակունիների թագավորության անկումից հետո, միայն Դվինն էր, որ շարունակում էր գոյատևել որպես մեծ քաղաք։ Անկախության վերականգնման շնորհիվ 9-11-րդ դարերում հին քաղաքները մասամբ վերականգնվեցին, հանդես եկան շուրջ երեք տասնյակի հասնող նոր քաղաքներ։ Դրանք առաջացան առևտրական ուղիների կարևոր խաչմերուկներում։ Սկզբում բնակավայրը գոյանում էր պարսպապատ միջնաբերդի շուրջ։ Այստեղ գտնվում էին արքային կամ իշխանին պատկանող դղյակներն իրենց օժանդակ կառույցներով։ Բուն քաղաքում, որը կոչվում էր «շահաստան», կենտրոնացած էին արհեստանոցներն ու կրպակները, շուկաները, հյուրանոցները և այլ շինություններ։ Պարսպապատ շահաստանից դուրս գտնվում էին քաղաքային արվարձանները։ Խոշոր քաղաքներն ունեին ավագների խորհուրդ կամ երիցանի, որի գլուխ կանգնած էր քաղաքապետը կամ շահապը։ Մուհթասիբ կոչված պաշտոնյան հսկում էր հարկահավաքությունը, շուկաները, առևտրական կրպակները և արհեստագործական գործատները։ Երկարատև խաղաղության պատճառով Արծնը և մի շարք այլ քաղաքներ այդպես էլ չպարսպապատվեցին։ Պայմանականորեն դրանք կարելի է անվանել բաց քաղաքներ։
Զարգացած միջնադարի հայոց ամենանշանավոր քաղաքը պետության մայրաքաղաք Անին էր։ Այն աչքի էր ընկնում ոչ միայն աշխարհիկ շքեղ շինություններով, այլև բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով։ Քաղաքը քարաշեն էր և ուներ սալահատակված փողոցներ։ Բյուզանդական պատմիչներից մեկի խոսքերով «Անին մեծ և բարեկարգ քաղաք է»։ Շահաստանում էին գտնվում արհեստավորների գործատները, առևտրականների կրպակները, շուկան և հյուրանոցները։ Առևտուրը կատարվում էր հատուկ հրապարակում, ուր միշտ կարելի էր հանդիպել օտարերկրյա վաճառականների։ Քաղաքի բնակչությունն ապահովված էր խմելու ջրով, որը բերվում էր 12 կմ հեռավորությունից՝ կավե խողովակներով։ 9-11-րդ դարերում՝ արհեստների ու առևտրի բարձր զարգացման շնորհիվ, բարգավաճեց Դվին քաղաքը։ Այն ուներ ընդարձակ շուկա, արհեստավորների մեծ թվով գործատներ և առևտրականների կրպակներ ու խանութներ։ 10-րդ դարում մեծ զարգացում ապրեցին Վանանդի թագավորության կենտրոն դարձած Կարսը, Վասպուրականի թագավորության կենտրոն հինավուրց Վան քաղաքը, 10-րդ դարի կեսերին բյուզանդական տիրապետության ներքո հայտնված Արծնը և այլն։ Վերջինս, անպարիսպ լինելու պատճառով, 11-րդ դարի կեսերին ավերվեց սելջուկ-թուրքերի կողմից։ Բնակչությունը ահավոր կոտորածների ենթարկվեց, քաղաքը կողոպտվեց և ավերվեց, իսկ կենդանի մնացածները տեղափոխվեցին հարևան Կարին քաղաք, որն ստացավ Արզն-ար-Ռում (Արզրում-Էրզրում) անունը։ Հայաստանի կարևոր քաղաքներից էին նաև Խլաթը, Նախճավանը, Կապանը, Բաղեշը և այլն։
Քաղաքներում առաջին հերթին զբաղվում էին առևտրով, որը իրականացվում էր արհեստագործական արտադրանքի ու գյուղատնտեսական մթերքների ու հումքի փոխանակմամբ։ Ոչխարի բրդի, բամբակի, վուշի, մետաքսաթելի, մորթու արտադրությունը մեծապես զարկ տվեց մանածագործական ու կաշեգործական արհեստների զարգացմանը։ Մեծ տարածում ստացան կոշկակարությունը, գդակագործությունը և մագաղաթի մշակումը։ Արաբ հեղինակ Մասուդիի խոսքերով՝ «հայկական գործվածքներն այնքան գեղեցիկ են, որ նրանց նմանը չկա ծայրից ծայր ամբողջ աշխարհում»։ Երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար ծաղկում ապրեց մետաղագործությունը։ Զարգացան դարբնությունը, պղնձագործությունը, ոսկերչությունը և զինագործությունը։ Մետաղագործ վարպետները պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, պղնձե ամանեղեն, եկեղեցական սպասք, պերճանքի առարկաներ, զարդեր և սառը զենքեր։ Վան և Երզնկա քաղաքները մեծ հռչակ էին ստացել հատկապես ոսկերչական բարձրարվեստ իրերի արտադրությամբ։ Գյուղատնտեսության բուռն վերելքը՝ կապված բնակչության արագ աճի հետ, մեծապես խթանեց գյուղատնտեսական գործիքների արտադրությունը։ Պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր, շենքերի փայտյա մասեր և այլն։ Հայ ճարտարապետների, քարտաշների և որմնադիրների շնորհիվ կառուցապատվում էին նոր քաղաքներ ու բերդեր, քարավանատներ ու կամուրջներ, աշխարհիկ ու եկեղեցական շենքեր։

Առևտուր

Արհեստագործության ու գյուղատնտեսության զարգացումը խթանում է ներքին և արտաքին առևտրի կտրուկ աճը։ Մի կողմից քաղաքային բնակչությունը ուներ գյուղատնտեսական մթերքների կարիք, իսկ արհեստավորները՝ գյուղատնտեսական հումքի մեծ պահանջ, մյուս կողմից՝ գյուղում անհրաժեշտ էին արհեստավորների պատրաստած գործիքներ, հագուստ ու կոշկեղեն։ Քաղաքներում վաճառքի կետեր ունեին նաև վանքերն ու արհեստավորները։ Մեծ քաղաքներում և ճանապարհների խաչմերուկներին սկսեցին կազմակերպվել կիրակնօրյա շուկաներ, ինչպես նաև՝ ամենամյա տոնավաճառներ։
Իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև գտնվող Հայաստանը դառնում է տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն՝ գտնվելով Մետաքսի մեծ ճանապարհի կենտրոնում։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը։ Արտաքին շուկա էին հանում հացահատիկ, ձիեր, ջորիներ, երկաթ և գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր, մետաղե գործիքներ, ոսկյա և արծաթյա իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ, պղնձե ամանեղեն և այլն։ Ներմուծվող ապրանքների մեջ առանձնանում էին հնդկական համեմունքները և թանկարժեք քարերը, չինական մետաքսե գործվածքները և ճենապակին, ռուսական մորթիներն ու մուշտակները և այլն։ Առևտուրը կատարվում էր արաբական և բյուզանդական դրամներով, քանի որ Բագրատունի գահակալները սեփական դրամ չէին հատում։


Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...