Ամերիկայի
Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ
պարզապես Ամերիկա (անգլ.՝ United States of America), դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է
որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ
Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև ծովային
սահման ունի Ռուսաստանի հետ։
Ամերիկյան երկու
նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի
հիմնական տարածքի հետ։ Դրանք
են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։
Ամերիկայի
Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք
գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականին հուլիսի 4-ին։ Այն կարելի
է համարել Ամերիկայի
ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր
հետևանքներից մեկը։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը, որն իր տեսակով
առաջինն էր մարդկության պատմության
մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ
ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի
18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ամերիկայի
Միացյալ Նահանգները սկսեց անդամակցել Ազգերի
լիգային և Միջազգային արդարադատության
մշտական պալատին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան խմբավորմանն օժանդակելը բարձրացրեց ԱՄՆ-ի հեղինակությունը Եվրոպայում, իսկ ռազմական գործողությունների
ավարտից հետո վերջինս դարձավ
կապիտալիստական աշխարհի կորիզը։ 1945 թվականին ԱՄՆ-ն դարձավ
առաջին միջուկային տերությունն աշխարհում։
Ամերիկայի
Միացյալ Նահանգները ներկայումս զբաղեցնում է 9,826,675 կմ² տարածք (4-րդն
աշխարհում) և ունի 322 370 752 մարդ (ըստ 2015
թվականի նախահաշվարկի) բնակչություն (3-րդն աշխարհում)։
Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով այն աշխարհի ամենաբազմազգ
պետություններից մեկն է։ Մայրաքաղաքը Վաշինգտոնն է, խոշորագույն քաղաքը՝ Նյու Յորքը։ Նյու
Յորքից բացի, երկրի տարածքում
կան 9 քաղաքներ ևս, որոնց բնակչությունը
գերազանցում է մեկ միլիոնը։
Դրանք են Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուստոնը, Ֆինիքսը, Ֆիլադելֆիան, Սան Անտոնիոն, Սան
Դիեգոն, Դալասը և Սան Խոսեն։
Պետական լեզուն անգլերենն է, որը այստեղ
տարածվել է գաղութային տարիներին։
Միացյալ
Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական
և ռազմական ամենահզոր
ուժն է։ Համախառն Ներքին
Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է
ԱՄՆ-ում։ Արդյունաբերության և
գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ,
արտաքին առևտրի շրջանառության ծավալով,
կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի
զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն
է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը
բնորոշ է արտադրության և
կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի
բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ
թևակոխած այս երկրում ծառայություններ
մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին
արդյունքում կազմում է մոտ
80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է
ընկնում ընդամենը 20 %։
Комментариев нет:
Отправить комментарий