Նապոլեոն I Բոնապարտ (կորսիկերեն՝
Napulione Buonaparte, իտալ.՝ Napoleone Buonaparte, ֆր.՝ Napoléon
Bonaparte, օգոստոսի 15, 1769, Այաչչո - մայիսի 5, 1821, Լոնգվուդ
Հաուս, Սուրբ Հեղինեի կղզի, Բրիտանական անդրծովյան տարածքներ), ֆրանսիացիների
կայսր 1804 թվականի մայիսի 18-ից 1814 թվականի ապրիլ
6-ը և 1815 թվականի մարտի 20-ից հունիսի 22-ը, զորավար և պետական
գործիչ, որ դրել է ժամանակակից ֆրանսիական պետության հիմքերը, Արևմուտքի պատմության
ամենաականավոր գործիչներից մեկը։
Նապոլեոնե Բուոնապարտեն (կորսիկական
ձևով նա այդպես է կոչել իրեն մինչև 1796 թվականը) իր պրոֆեսիոնալ ռազմական կարիերան
սկսել է 1785 թվականին որպես հրետանու կրտսեր լեյտենանտ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ
ստացել է բրիգադային գեներալի աստիճան 1793 թվականի դեկտեմբերի 18-ին Տուլոնի
գրավումից հետո։ Դիրեկտորիայի օրոք դարձել է դիվիզիոնի գեներալ և թիկունքի
ռազմական ուժերի հրամանատար այն բանից հետո, երբ վճռական դեր է կատարել 1795 թվականին
վանդեմիերի 13-ի խռովության ճնշմանը։ 1796 թվականի մարտի 2-ին նշանակվել է Իտալական
բանակի հրամանատար։ 1798-1799 թվականներին գլխավորել է ռազմական արշավանք դեպի
Եգիպտոս։
1799 թվականի նոյեմբերին
(բրյումերի 18) իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ
տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար
հասնելով դիկտատորական իշխանության։
1804 թվականի մայիսի 18-ին
հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի
ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները,
1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը
դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը
թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։
Ռուսաստանի դեմ մղված
1812 թվականի պատերազմում Նապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական
տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների
ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական
բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի
ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։
Նապոլեոնը ֆրանսիական գահին
վերադարձել է 1815 թվականի մարտին (հարյուր օրով)։ Վաթեռլոոյի ճակատամարտում կրած
պարտությունը նրան ստիպել է երկրորդ անգամ թողնել գահը 1815 թվականի հունիսի 22-ին։
Անգլիացիները նրան աքսորել են Սուրբ Հեղինեի կղզի, որտեղ էլ նա մահացել է վեց
տարի անց՝ 1821 թվականի մայիսի 5-ին, 51 տարեկան հասակում։ Նրա աճյունը 1840 թվականից
գտնվում է Փարիզի Հաշմանդամների տանը։
Комментариев нет:
Отправить комментарий