Մերձավոր Արևելքն Ասիայի արևմտյան
և հարավարևմտյան տարածաշրջանն է, որը ներառում է Փոքր Ասիա և Արաբական թերակղզիները,
Հայկական և Իրանական լեռնաշխարհները, Միջագետքը և Միջերկրական ծովի արևելյան ափամերձ
գոտին:
Մերձավոր Արևելքը գտնվում
է 3 աշխարհամասերի՝ Ասիայի, Եվրոպայի ու Աֆրիկայի շփման գոտում: Տարածաշրջանի անվանումը
ձևավորվել է պայմանականորեն. եվրոպացիների համար այն մերձավոր էր (Հեռավոր Արևելքի
համեմատությամբ):
Մեզ համար Մերձավոր Արևելքի նշանակությունը մեծ է հատկապես նրանով,
որ այստեղ է գտնվում մեր բնօրրանի՝ պատմական Հայաստանի գերակշիռ մասը:
Տարածաշրջանը վաղ քաղաքակրթության
կենտրոններից է: Դեռևս հնագույն ժամանակներից այստեղ կատարելության են հասել արվեստը,
մշակույթը և գիտությունը: Հայկական լեռնաշխարհում, Միջագետքում, Անատոլիայում ձևավորվել
են մետաղաձուլության հնագույն կենտրոնները, այստեղ են ծագել հնդեվրոպական լեզուները,
համաշխարհային կրոններից՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը, հուդայականությունը:
Ներկայիս Մերձավոր Արևելքի
հիմնական բնակիչները արաբներն են, ապրում են նաև պարսիկներ, թուրքեր, քրդեր, հայեր
և այլք:
Կլիման խիստ բազմազան է՝ պայմանավորված
լեռնային մակերևույթով, պասսատների գործունեությամբ, տարածաշրջանի ձգվածությամբ: Հյուսիսում՝
լեռնային մարզերում, նվազագույն ջերմաստիճանը երբեմն հասնում է –30օC-ի, իսկ հարավում՝
ցածրադիր գոտիներում, հաճախ գերազանցում +50օC-ը: Տեղումների պակասը (տարեկան՝
100–500 մմ) տարածաշրջանի գլխավոր հիմնախնդիրներից է:
Գետերը քիչ են, սակավաջուր:
Համեմատաբար խոշոր են Եփրատըն ու Տիգրիսը: Ամենուր անհրաժեշտ է ոռոգել հողերը: Օազիսներում
օգտագործվում են արտեզյան ջրերը: Տարածաշրջանի մեծ մասում բուսականությունն աղքատ է:
Միայն ծովափնյա գոտում կա փարթամ մերձարևադարձային բուսականություն: Լեռնային շրջաններում
մանր եղջերավոր կենդանիների ու ձիերի արածեցման համար կան հարմար արոտավայրեր, իսկ
անապատային ընդարձակ տարածքների աղքատիկ բուսականությունը հազիվ է բավարարում նույնիսկ
ոչ պահանջկոտ ուղտաբուծությանը:
Տարածաշրջանի ընդերքը հարուստ
է զանազան օգտակար հանածոներով: Դրանցից առավել նշանավոր են նավթի և բնական գազի համաշխարհային
նշանակության պաշարները, որոնք հիմնականում կենտրոնացած են Պարսից ծոցի շրջանում: Նավթի
ու գազի վիթխարի պաշարների պատճառով է, որ Մերձավոր Արևելքի այս տարածաշրջանը դարձել
է համամոլորակային աշխարհաքաղաքական կիզակետերից մեկը: Այստեղ բախվում են բոլոր խոշոր
միջազգային նավթային ընկերությունների և բազմաթիվ պետությունների տնտեսական ու քաղաքական
շահերը:
Դեռևս XIX դարի վերջից այս
տարածաշրջանում մեծ ազդեցություն ուներ Մեծ Բրիտանիան: Առաջին համաշխարհային պատերազմից
և Օսմանյան կայսրության փլուզումից հետո ԱՄՆ-ն է այն գլխավոր ուժը, որն ամբողջ տարածաշրջանում
վճռական ազդեցություն ունի ռազմաքաղաքական իրադրության զարգացումների վրա: ԱՄՆ-ն էր,
որ 1991 թ-ին իրականացրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը՝ Քուվեյթին իրաքյան
ագրեսիայից պաշտպանելու և ագրեսորին պատժելու մասին, թեև այդ գործողությանը մասնակցեց
29 երկիր:
Տարածաշրջանի նավթային պաշարների
վերահսկողության նպատակով ԱՄՆ-ն 2003 թ-ին ներխուժեց նաև Իրաք և տապալեց երկրի նախագահ
Սադամ Հուսեյնի վարչակարգը: Թեև ռազմական գործողությունները վաղուց ավարտված են, սակայն
ամերիկյան և աշխարհի տարբեր երկրների (այդ թվում՝ նաև Հայաստանի) զինվորական ջոկատները
խաղաղարար նպատակով դեռևս շարունակում են մնալ այնտեղ:
Տարածաշրջանը հարուստ է բազմաթիվ
պատմաճարտարապետական հուշարձաններով, իսկ արևոտ ու տաք լողափերը հրաշալի հանգստավայրեր
են:
- Բահրեյն
- Եգիպտոս
- Եմեն
- Իսրայել
- Իրաք
- Լիբանան
- Կատար
- Կիպրոս
- Հորդանան
- Պաղեստին
- ԱՄԷ
- Սաուդյան Արաբիա
- Սիրիա
- Քուվեյթ
- Օման
Աղբյուր 2
Աղբյուր 3
Комментариев нет:
Отправить комментарий